Սառցադաշտեր

Սառցադաշտեր

Սառցադաշտերի առաջացումը: Երկրագնդի որոշ տեղամասերում, որ­տեղ գրեթե ամբողջ տարին օդի ջերմաստիճանը 00-ից ցածր է, տեղումները թափվում են հիմնականում ձյան տեսքով:

Քանի որ կլոր տարին ցուրտ է, ուստի տեղացած ձյունն ամռանն ամ­բողջովին չի հալվում  և տարեցտարի կուտակվում-ավելանում է: Կուտակ­ված ձյունը ծանրության տակ աստիճանաբար սեղմվում է, խտանում և վե­րածվում սառույցի: Ձյան բազմամյա բնական կուտակումից առաջացած սառցի հսկայական զանգվածը կոչվում է սառցադաշտ:

Սառցադաշտերն զբաղեցնում են ցամաքի մակերևույթի ավելի քան 1/10 մասը և համարվում են երկրագնդի քաղցրահամ ջրի հիմնական շտեմարանը:

Առանձնացնում են սառցադաշտերի երկու տիպ՝ ծածկույթային և լեռնահովտային:

Ծածկույթային կամ մայրցամաքային սառցադաշտերը տարածված են բևեռային և  մերձբևեռային շրջաններում՝ Անտարկտիդայում, Գրենլանդիայում, ինչպես նաև՝ դրանց հարող կղզիներում:

Դրանց հաստությունը կարող է հասնել մի քանի կիլոմետրի: Օրինակ՝ Անտարկտիդայում այն հասնում է մինչև 3-4 կմ:

Սառցադաշտերից դեպի օվկիանոս են սահում,  իջնում առանձին սառ­ցե զանգվածներ, որոնք ցամաքի ափամերձ մասերում օվկիանոսի հսկա ալիքների շնորհիվ պոկվում են և լողում օվկիանոսի ջրերում: Այդ լողացող հսկա սառցասարերն անվանում են այսբերգներ:

Այսբերգները շատ վտանգավոր են նավարկության համար, որովհետև դրանց ծավալի մեծ մասը՝ 3/4-ը, ընկղմված է ջրի մեջ, ուստի հեռվից դիտե­լիս շատ փոքր են երևում: Հայտնի «Տիտանիկ» նավի խորտակումը  1912 թ. պայմանավորված էր հսկա այսբերգի հետ բախմամբ:

Լեռնահովտային սառցադաշտերը տարածված են բարձրալեռնային հովիտներում: Սրանք հանդիպում են աշխարհագրական բոլոր լայնություններում, որտեղ կան բարձր լեռներ: Նույնիսկ ամենատաք մայր­ցամաքի՝ Աֆրիկայի ամենաբարձր գագաթ Կիլիմանջարոյի (5895 մ) վրա կա սառցադաշտ:

Սառցադաշտը ձյան կուտակումից աստիճանաբար ընդարձակվում  մեծանում է, այսինքն՝ կատարում է դանդաղ շարժում:

Լեռնալանջի թեքությամբ սառցադաշտային լեզվակը՝ գետի նմանվող սառույցը, դանդաղ շարժվում է. կարծես սահում է: Սառցադաշտը   շարժվե­լիս կատարում է քայքայիչ աշխատանք:

Սառցադաշտային լեզվակը հովտով շարժվում է ցած և այնտեղ հալ­վում, կուտակում վերևից քայքայված, բերված կոշտ նյութերը՝ առաջաց­նելով թմբեր, որոնք կոչվում են մորեններ: Նման թմբաշարեր շատ կան Եվրոպայի հյուսիսային մասում:

Հայաստանի Հանրապետության տարածքում սառցադաշտեր չկան: Սակայն անցյալում եղել է սառցապատում, որի հետքերը պահպանվել են Արագածի, Գեղամա լեռների բարձրադիր մասերում:

Հարցեր   և  առաջադրանքներ

  1. Ի՞նչ է սառցադաշտը: Ինչպե՞ս է առաջանում:

Կուտակ­ված ձյունը ծանրության տակ աստիճանաբար սեղմվում է, խտանում և վե­րածվում սառույցի: Ձյան բազմամյա բնական կուտակումից առաջացած սառցի հսկայական զանգվածը կոչվում է սառցադաշտ:

  1. Որո՞նք են սառցադաշտերի երկու հիմնական տիպերը:

Առանձնացնում են սառցադաշտերի երկու տիպ՝ ծածկույթային և լեռնահովտային:

  1. Ի՞նչ է այսբերգը: Ինչպե՞ս է առաջանում:

Լողացող հսկա սառցասարերն անվանում են այսբերգներ:

  1. Ի՞նչ աշխատանք է կատարում սառցադաշտը:

Սառցադաշտը   շարժվե­լիս կատարում է քայքայիչ աշխատանք:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով